среда, 26 декабря 2012 г.

Մեր զրուցակիցը տեր Վահան քահանա Ազարյանն է

 <Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով>   
          Ազարյանները կամ հոգևորական են, կամ զինվորական
    Ծնվել եմ Գավառ քաղաքում: Մայրական կողմս ակունքներով Գավառից է, հայրական կողմս` Արևմտյան Հայաստանից, Վանից և Բայազետից: Հորս հոր կողմը քահանայական սերունդ է: Նրանք բռնի գաղթի են ենթարկվել դեռ 1823 թվականին և տեղափոխվել  Արևելյան Հայաստան: Ազարյանների մի ճյուղը զինվորականներ են եղել, մյուս ճյուղը` հոգևորականներ: Դեռ մանկուց սիրում էի և' զինվորականի, և' հոգևորականի արտահագուստը:  
         Ամեն ինչ, բայց ոչ քահանա
     Սովորում էի Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարագիտության բաժնում:1990թ.-ին` ուսումնառության վերջին կուրսում, մասնագիտացված կուրս բացեցին մեզ համար, որը կոչվում էր Վերականգնվող հուշարձանագիտության ճարտարապետություն: Կարծում եմ`  դա խորացրեց ինձ մոտ հետաքրքրությունը հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ:  Եկավ մի պահ, երբ ես ցանկացա ավելին իմանալ եկեղեցու մասին: Սկսեցի հետաքրքրվել իմ նախնիներով, և քահանայի դերը շատ ավելի բարձր արժեք ձեռք բերեց ինձ համար: Չէի ասի, որ լիարժեք հասկացա,  թե որ ճանապարհով եմ գնալու: Ուղղակի ուզում էի որքան հնարավոր է օգտակար լինեմ եկեղեցուն: Վճիռս քննարկվեց ընտանիքում: Այդ ժամանակ որոշակի կարծրատիպեր կային: Դա  կար նաև ընտանիքում. ամեն ինչ, բայց ոչ քահանա:  Կար նաև Գավառի մտածողության հետ շփվելու խնդիրը, որ Ազարյանների տնից մեկը գնացել է սովորելու ու չկարողանալով ավարտել,  գնացել է տերտերության հետևից: Եվ այդ մտածողության հետ իրենք էին պայքարելու....
Քահանա ձեռնադրվելու համար պակասում էր ամուսնացած լինելու հանգամանքը
    1991թ.-ին  գնացի Երևան, ընդունվեցի ասպիրանտուրա: Այդ ժամանակ     քահանաների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կար: Առաջարկեցին   դպիրություն անել եկեղեցում: Համաձայնեցի:   4 տարի մնացի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում առանց որևէ աստիճանի, որից հետո դպիրի աստիճան տվեցին: 1995թ.-ին սարկավագ դարձա:  Քահանա ձեռնադրվելու համար պակասում էր ամուսնացած լինելու հանգամանքը: 1996թ.-ի հուլիսին ամուսնացա, սեպտեմբերին ձեռնադրեցին որպես քահանա: Հոկտեմբերի վերջին թողեցի ընտանիքը: Խաղաղ, համերաշխ բաժանվեցինք: Եվ բնականաբար արձագանք եղավ եկեղեցական իշխանության կողմից:   Վեհափառ հայրապետը գտավ, որ որոշակի մեղավորություն ունեմ. միգուցե շտապել եմ:  Մնում էի քահանայության մեջ և տրվում էր ժամանակ` մտածելու համար:   Առաջարկ եղավ տեղափոխվել Գուգարաց թեմ: Մտածում էի, որ ծխում եմ ապրում, ուրեմն լավ կլինի ծխատեր քահանայի կարգավիճակով ապրեմ, որովհետև քահանան պետք է փորձի լավ օրինակ ծառայել իր ընտանիքով, պիտի   մարդկանց հետ նույն հոգսերով ապրի: Ժամանակը լրանալուց հետո ամուսնության թույլտվություն տրվեց:
Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով
    Ընտանիքը մի բան է, ուր երբեք չպիտի դավաճանություն դիտվի, ուր ծնվում է առաքինությունը, ուր սկիզբ են առնում բոլոր տեսակի սկզբունքները, ուր Աստծո ներկայությունը կա: Զավակները, կինդ, տան անդամները. նրանցից յուրաքանչյուրը պահանջում է իր բաժին հավատարմությունն ու իր բաժին անկեղծությունը:  Սեր ասելով ես հասկանում եմ հավատարմություն,   հասկանում եմ իմ տեղն ընտանիքում: Սեր ասելով հասկանում եմ անվերապահ, ոչինչ չպահանջող բացառիկ հարգանք: Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով:
Աստծուց էր տրված ընտրությունը
     Կնոջս` Լիանայի հետ  ծանոթությունը եղել է եկեղեցում: Նա  ներգրավված էր երիտասարդաց միության կազմում:  2001թ.-ի սեպտեմբերին անկախության մյուռոնն էր օրհնվում: Գնացինք ուխտագանացության, և ճանապարհը տվեց փոխհասկացվածություն. որոշեցինք խորացնել մեր շփումները: Ընտանիքին ծանոթ էի: Մայրը քրիստոնեական դաստիարակության կենտրոնում ուսուցիչ էր: Մնում էր իմ վերջնական քայլը.  խոսել ընտանիքի հետ: Եվ ես արեցի այդ քայլն էլ ու չվարանեցի ասել, որ ես այս, այս, թերություններն ունեմ: Իրենք էլ ծիծաղով ասացին. մենակ այդքանը չի, ավելի շատ է, բայց որ այդքան անկեղծ ես...
      Ընտրեցի նրան, ում մինչև վերջ կվստահեմ, մինչև վերջ կնվիրվեմ: Գործող քահանայի ընտանիք էր կազմավորվում, շատ նրբություններ էինք հաշվի առնում: Հիմա ծիծաղով եմ հիշում դրանք, բայց և զգում եմ, որ բավականին ճիշտ բաներ էինք մտածում: Ամենակարևորն այն էր, որ երկուսով նույն կերպ էինք մտածում: Գտնում էինք, որ քահանայի ընտանիքը պետք է լինի բոլոր տեսակի զիզի-պիզի, թիթիզ  բաներից հեռու: Ամեն բան տվյալ ժամանակի մեջ արդարացված պետք է լինի. ասված խոսքը, կատարված որոշումը, ներկայությունը այստեղ կամ այնտեղ: Միշտ չէ, որ մարդը ամեն ինչ կարող է անել ըստ իր սրտի ուզածի: Այն, ինչ կարող է կատարել կինը ընտանիքում, տվյալ դեպքում քահանայի կինը  իր տեսակով, իր բարձրությամբ, կարելի է ասել քահանայի գործի կեսն է` նրա հեղինակության պահպանման, երեխաների դաստիարակության առումով:Ես տեսա ու հարգեցի նրան, տեսա, որ ամեն ինչ հասկանում է, որ պետք չէ ամեն ինչ պատմել, բացատրել: Աստծուց էր տրված ընտրությունը կարծես: Միշտ թիկունքս ապահովված եմ զգում ընտանիքում: 2005թ.-ին ընտանիք կազմեցինք, 2009-ին ծնվեց մեր աղջկիը` Շուշանը, 2011-ին` տղաս` Դերենիկը:
    Ինչ սահմանփակումներ կան
    Երեխաներս փոքր են, և արգելելու, սահմանափակելու շատ բան դեռ չկա: Աղջիկս  հպարտորեն տեր Վահանով կամ հայրիկով է դիմում ինձ: Այժմվանից փորձում եմ աստիճանաբար բացատրել` ինչն է կարելի, ինչը` ոչ: Բնական է, որ հետագայում կլինեն սահմանափակումներ նրանց համար գուցե հագուստի, ինչ-որ տեղ այցելելու կամ մնալու ժամանակահատվածի հետ կապված: Ես պիտի փորձեմ այնպես անել, որ այդ ամենը տրամաբանված համարեն, զգան, որ լավ բան, ճիշտ բան արեցին: Այնքան ուրախ եմ, որ տանը կինս իսկապես դրան կհասցնի: Կնոջս հետ կապված  մինչև հիմա չեմ հիշում որևէ դեպք, որ իրեն ասեմ` դա մի արա: Ինքը միշտ  հասկացել է` ինչպիսին է պետք լինել տվյալ պահին:
Պատահում է`  զահլա չենք ունենում խոսելու. սովորական ընտանիքների նման
    Տանը տարաձայնություններ կարող են լինել այս կամ այն հարցը քննարկելիս. օրինակ սերիալի սյուժեի, որևէ հաղորդման, ընտրությունների հետ կապված և այլն:   Մեկի հասցեին ես կարող եմ բորբոքվել, իմ կարծիքն ասել, նա ճիշտ հակառակը կասի: Բայց մենք միշտ նկատի ենք ունենում, որ տանը երեխաներ կան: Դրանք հիմնականում ավարտվում են որևէ մեկիս հաղթանակով: Պատահում է նաև, որ հոգնում ենք, զահլա չենք ունենում խոսելու ոչ մի բանի շուրջ. սովորական ընտանիքների նման:
    Քահանան էլ սովորական մարդ է, ով կարող է երեխայի հետ գորգի վրա խաղալ
     Կարող եմ երեխայի հետ գորգի վրա խաղալ, գոռալ-գոչել, բայց երբեք սկզբունքի փոփոխություն չեմ ունեցել: Միշտ փորձել եմ, որ ես ես լինեմ և' տանը, և' քահանայության մեջ:
        Ամենակարևորը  ընտանիքում
    Ամենակարևորը անկեղծ հավատարմությունն է, որով էլ կկառուցես սերը:  Եթե չես կեղծում, չես թաքցնում ոչինչ, ուրեմն սիրում ես, ուրեմն սերը գործնականորեն գոյություն ունի: §Ես քեզնով եմ ապրում¦ խոսքերը պետք է անկեղծ լինեն: Մարդը չպետք է մտածի. §Հանկարծ ամուսինս ուրիշի վրա աչք չդնի¦:  Եթե մեջդ կասկած մտավ, անհրաժեշտ է ամեն ինչ քանդել, նորից սկսել:
                         


   


 
   
   



   

   

   

Комментариев нет:

Отправить комментарий