понедельник, 31 октября 2016 г.

Վանաձորի քաղաքապետի միակ կին թեկնածուն՝ կանացի մրցապայքարի առաձնահատկությունների մասին


<<Քաղաքականությունը գուցե և իմ խառնվածքով կնոջ գործը չէ, բայց այս քաղաքի բարեկեցությունը ի՛մ գործն է>>

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացվեցին համայնքի ավագանու ընտրություններ, որին մասնակցող թվով 8 քաղաքական ուժերից 7-ն իրենց թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում կամ որ նույնն է որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրել էին տղամարդկանց:
Քաղաքապետի միակ կին թեկնածուին՝ Լոռու մարզի գլխավոր սոնոգրաֆիստ Այժեմնիկ Օհանյանի թեկնածությւնն առաջադրել էր <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը:

Ընտրությունների թոհուբոհից հետո Այծեմնիկ Օհանյանը կիսվում է կանացի մրցապայքարի առաձնահատկություններով:

-Առաջադրվելու միտքն ի սկզբանե իմը չի եղել: Դա եղել է կուսակցության առաջարկը: Մինչև վերջ էլ ես համաձայն չէի, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնվեցի: Ըստ երևույթին սխալ էր համաձայնվելը, որովհետև ես պատրաստ չէի ընկերներ կորցնել… Դա այս ընտրությունների ամենադաժան հետևանքն էր: Մոտավորապես պատկերացնում էի, թե ինչպես են անցնելու ընտրությունները:
Ինձ համար ամենակարևորն արժանապատիվ դուրս գալն էր, փորձել իմիջը չկորցնել, չկեղտոտվել: Չգիտեմ՝ հաջողվե՞ց, թե՝ ոչ…
Կնոջ համար 7 տղամարդ թեկնածուների հետ մրցակցելը շատ ծանր էր: Մակերեսային դիտարկումներով բոլորը շատ կոռեկտ էին իրենց պահում, բայց հավատացնում եմ ձեզ, որ շատ ուժեղ է աշխատել պետական ապարատը, իմ շատ ընկերների ու գործընկերների վրա ազդել են, ճնշումներ էլ են եղել: Հիմա ես չեմ ուզում մանրամասնել, որովհետև ես շարունակելու եմ աշխատել նույն կոլեկտիվում, այդ նույն մարդկանց հետ: Ում ընտրել, ում՝ ոչ, իրենք պետք է որոշեին: Դա իմ խնդիրը չէր, բայց և վարչական, պետական ապարատի խնդիրն էլ  չէր:
Նախընտրական շրջանում ամեն ինչ շատ կանխատեսելի էր: Միակ անսպասելի հարվածը, որ ես ստացա, դա հորս՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի,  Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանի այլ շրջանում արված կադրերի ներառում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանի նախընտրական տեսահոլովակում:  Իմ ցավոտ կողմն էր դա: Ինձ թվում էր, որ եթե երեխաներս այստեղ չեն, ես ապահովագրված եմ այդ առումով: Ես ամեն ինչի պատրաստ էի իմ նկատմամբ, իմ անձի նկատմամբ, բայց որ հորս նկատմամբ այդ ձևի տհաճ բաներ կարող են անել, ես չէի սպասում: Ես այնքան եմ խնայել իրեն, որ այս գործընթացների մեջ չընկնի, իրեն վատ չզգա, բայց իմ ամենախոցելի տեղն, ըստ երևույթին, գտան…
Ես սիրում եմ, որ ամեն ինչ ազնիվ է լինում: Այս ընտրություններից հետո ես հասկացա, որ քաղաքականության մեջ ազնիվ ոչինչ չի լինում, որ ընտրությունների ժամանակ գրանցվող խախտումները մշտական են ու անփոփոխ: Մի տեղ ձայներն են սխալ հաշվում, մի տեղ վարչական ապարատն է  շատ լավ աշխատում, մի այլ տեղ անձնական խնդիրներ են վեր հանում, որն էլի ազդում է ընտրությունների ընթացքի վրա: Գուցե ձայներ հաշվելիս այս անգամ ամեն ինչ ճիշտ է եղել, բայց մինչ այդ բոլոր տիպի ազդեցությունները կիրառվել են:
Հայրս սկզբնական շրջանում դեմ էր իմ առաջադրմանը:Նա  շատ խելացի մարդ է, գիտեր, որ ես ծանր կտանեմ այս ամենը: Հետո, երբ վերջնական որոշում կայացրի, ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, ես քո կողքին եմ: Իհարկե, ես այնքան եմ իրեն հարգում, որ երբեք թույլ չէի տա, որ որևէ նախընտրական տեսահոլովակում կամ հանդիպումների ժամանակ իմ կողքին լինի: Դա ես սխալ եմ համարում:Բայց բարոյապես նա միշտ իմ կողքին էր:
 Ընտրությունների ընթացքում ես կորցրեցի ընկերներ, բայց գտա շատ կարևոր մի բան. մարդկանց ճանաչելու մեծ փորձ:Դա, իրոք, շատ մեծ փորձառություն էր: Դու կարող ես ամբողջ կյանքում մարդկանց լավություն անել, բայց մարդուն նախընտրական շրջանում քեզնից նյութական ինչ-որ բան է պետք…
Գուցե ծանր բան եմ ասում, բայց մեր քաղաքում շատ -շատ մարդիկ մնացել են առանց ապագայի. երեխաներն այստեղ չեն, միայնակ են, աշխատանք չունեն, այս քաղաքի ապագան իրենց այլևս հետարքրքիր չէ, իրենցով ամեն ինչ վերջանում է, իրենք ունեն  լոկալ ֆինանսական խնդիր, որը նույնիսկ 10.000 դրամը ինչ-որ չափով լուծում է:
 Ես Վանաձորի ավագանու անդամ եմ եղել 2005-2008թթ.-երին:Եթե անկեղծ,  ես այն ժամանակ նախընտրական քարոզարշավ չեմ տարել: Սա իմ առաջին, էական նախընտրական քարզարշավն էր, որի  ընթացքում ես շատ լավ աշխատել եմ: Այն ժամանակ այդքան տարիների փորձն իրենն արեց, մարդիկ ընտրեցին,: Երբ հաջորդ ընտրություններին՝ 2008թ.-ին  երկրորդ անգամ առաջադրվեցի, դա արդեն չաշխատեց, որովհետև շատերը հասկացան, որ կարելի է հակագովազդ անել: Երկրորդ անգամ չընտրեցի: Ութ տարի անց որոշեցի առաջադրվել այս ընտրություններին, որը բավականին դառը փորձ էր:
Ասում են՝ քաղաքանությունը կնոջ գործ չէ: Քաղաքականությունը գուցե և իմ խառնվածքով կնոջ գործը չէ, բայց այս քաղաքի բարեկեցությունը ի՛մ գործն է, որովհետև ես ուզում եմ, որ այս քաղաքը լավը լինի, որովհետև ես այս քաղաքից որևէ այլ տեղ չեմ գնալու, որովհետև թոռնիկս մի քանի օր առաջ հայտարարեց, որ դրսում համալսարանն ավարտելուց հետո  միևնույնն է, վերադառանալու է Վանաձոր: Ես  ապագա եմ տեսնում այս քաղաքում:
Քաղաքապետի ընտրության հարցում երեք կուսակցություններ՝ <<Լուսավոր Հայաստանը>>, <<Բարգավաճ Հայաստանն>> ու <<Հայկական վերածնունդը>> հուշագիր ստորագրեցին, որոշելով սատարել քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Երբ ես գնացի քաղաքապետի ընտրություններին, ինձ թվում էր՝  ամեն ինչ կանխորոշված է, ամեն ինչ ճիշտ է: Բայց երբ այնտեղի թատերականացված ներկայացումը տեսա, ես շատ-շատ հիասթափված դուրս եկա: Կանխատեսելի էր, որ ամեն ինչ կփորձեն անել, բայց չէի պատկերացնում, որ այդպես ակնհայտորեն կարվեր ամեն ինչ: Կարելի էր չստորագրել, չմիանալ այդ հուշագրին, բայց շոու սարքել այդ ամեն ինչից, պետք չէր: Ես դուրս եկա դահլիճից ու հասկացա,  որ մի լավ ներկայացման ականատես էի, մի շատ լավ ներկայացման…
Այս գումարման ավագանու կազմում մենք առաջին անգամ այսչափ մեծ թվով կանայք ունենք: Կանայք ավելի անկախ են, խամաճիկ չեն սիրում լինել, ունեն իրենց կարծիքն ու  ախպերական, ընկերական խաղերը դժվար կլինի այսուհետ անցկացնել…
                                                                                              Գայանե Սարգսյան












четверг, 9 октября 2014 г.

Դե որ էդքան հարց լուծող լրագրող ես, իմ հարցն էլ լուծի

 <<Դե որ էդքան հարց լուծող լրագրող ես, իմ հարցն էլ լուծի>>

Տիկին Սվետային հանդիպեցի Վանաձորի քաղաքապետարանում՝ քաղաքապետի ընդունարանի մոտ դրված աթոռին նստած: Հարցազրույցների էի, մտա մի քանի սենյակ, դուրս եկա, տեսնեմ՝ դեռ մենակ նստած է: Մոտեցա:

-Կարո՞ղ եմ Ձեզ ինչ-որ բանով օգնել,- հարցրի:

Կինը նախ բարձրացրեց հայացքը, հետո մի քիչ զարմացած, թե՝ «Օգնե՞ս, աղջի՛կ ջան: Ինչո՞վ օգնես: Ոչ մեկին հետաքրքիր չի, թե երկրաշարժ տեսած էս կնիկը ոնց ա ապրում, ոնց ա գոյատեւումե:

-Դե, լրագրող եմ: Եթե որպես լրագրող կարող եմ օգնել…

Չի պատասխանում, թաշկինակով անընդհատ աչքերն է սրբում, բայց չնայած դրան՝ արցունքները շարունակում են անարգել հոսել այտերն ի վար:

-Երկրաշարժի ժամանակ բնակարա՞ն եք կորցրել,- փորձում եմ զրույցը շարունակել:

-Մենակ բնակարա՞ն: Ամուսին ու 3 երեխա եմ կորցրել,- ավելի է հուզվում կինը: Մի պահ չեմ հասկանում՝ ինչ անեմ: Մինչ մտածում եմ, կինը շարունակում է.

-Ես բնիկ Կիրովականից եմ, Լենինական հարս էի գնացել: 4 երեխա ունեինք՝ 2 տղա, 2 աղջիկ: Մեծս 43 տարեկան է… Այսինքն՝ էդքան կլիներ, եթե լիներ: Երկրաշարժի օրը փոքր աղջկաս հետ գնացել էինք խանութ, մինչեւ տուն կգայինք, ամեն ինչ փլվեց: Փլատակների տակ մնացին ամուսինս ու 3 երեխես: Աղջկաս վերցրի, ետ եկա Կիրովական: Աղջիկս տարիուկեսկան էր, մեծ դժվարությամբ պահել, մեծացրել եմ: Հորական տանս էինք ապրում: Էդ տունն էլ էր վթարային: Ստեղից եմ վաուչեր ստացել, հորս տան 2 սենյականոցի համար 2 մլն 400 հզր դրամ տվեցին, որ տուն առնեմ: Չկարողացա առնեմ, դա էլ տվեցի աղջկաս օժիտ, որ չասեն՝ անօժիտ հարս ենք բերել:

Ոչինչ չեմ ասում, բայց տիկին Սվետան սկսում է արդարանալ.

-Բա ի՞նչ անեի, գյուղի ժողովուրդ են, ասի՝ ավելի լավ ա թող իմ երեխեն ապրի, ամոթով չմնա, քան ես տուն ունենամ: Աղջկաս 14 տարեկանում տարան: Հիմա 26 տարեկան ա, 3 երեխա ունի: Գյուղում մեկի տված դոմիկում են ապրում:

Պատմում է ու շարունակում արդարանալ ու արդարացնել.

-Լավ գիտեք՝ գործ չկա, ես չեմ ուզում իրան նեղություն տամ, որովհետեւ ինքն ապրելու տեղ-հնար չունի: 5 անձը տնակի մեջ ո՞նց կապրի: Ասել եմ՝ ինձ ոչինչ պետք չի, դուք ապրեք, ես մի կերպ գլուխս կպահեմ: Հիմա էլ չեմ գնում, որ չասեն՝ մամադ եկել ա` մեր աշխատանքը ուտի:

-Բա հիմա ո՞նց եք յոլա գնում:

-13.000 դրամ ծերության թոշակ եմ ստանում:  22 տարվա ստաժ ունեի. ֆաբրիկայում գործող բանվորուհի եմ աշխատել, հիվանդանոցում՝ մատուցող: Ստաժս չտվեցին, ասին՝ երկրաշարժի ժամանակ փլատակների տակ ա մնացել, դիմի դատարան, որ վերականգնեն: Ասի՝  ես դատարանո՞վ եմ աշխատել, որ դատարանով վերականգնեն: Ասի՝ ինձ պետք չի,- պատմում է կինն ու մտքի վերուվարումներում փորձում գտնել մտքի թելը,-13 տարի ա՝ մենակ եմ ապրում: Գնացել էի Երեւան, աշխատում էի պահեստում, պարսիկների մոտ, հավաքարար էի, բայց այլեւս ուժ չկար: Թողի, եկա Կիրովական: Էստեղ էլ Տարոնում տուն եմ վարձել, ամսվա վարձը 10.000 ա: 2 ամիս ա՝ չեմ կարում տամ, որտեղի՞ց տամ: Տանտերն էլ պասպորտս վերցրել ա, թե՝ դուրս արի տնից, երբ վարձը կտաս, էն ժամանակ էլ պասպորտդ կտամ:

-Բա հիմա որտե՞ղ եք մնալու,- հարցիս ի պատասխան՝ կինը կրկին հուզվում է.

-Եթե ինձ հավաքարարի գործ տան, էլի կաշխատեմ, մենակ թե ոչ մեկի դուռը չգնամ, փող չուզեմ: Պատկերացրու՝ հիմա ինչքան ա իմ տեղը նեղ, որ եկել եմ դիմեմ՝ ինձ օգնեն, գոնե մի 10 օրվա հացի փող տան, օրը մի հաց առնեմ, մինչեւ թոշակը ստանամ… Այստեղ գալիս, ճամփին գլուխս պտտվեց, նստեցի, մի ջահել, թե՝ տա՛տ, ի՞նչ եղավ, հո սոված չե՞ս: Ասի՝ չէ, բայց սոված էի: 2 օր ա՝ հաց չեմ կերել,- արցունքից խեղդվելով՝ պատմում է կինը:

Պայուսակիցս հանում եմ մոտս եղած թխվածքաբլիթներն ու տալիս կնոջը:

-Որ Ձեր համար խոսեմ Հայորդաց տան բարեգործական ճաշարանի ղեկավարության հետ, կգնա՞ք, էնտեղ տաք սնունդ են տալիս,- հարցնում եմ:

-Հա, աղջի՛կ ջան, եթե,  ոնց որ դու ես ասում, ինձ էդ ճաշարանում ընդունեն, կգնամ, քեզ էլ անչափ շնորհակալ կլինեմ:

Անմիջապես զանգահարում եմ Վանաձորի Հայորդաց տան բարեգործական ճաշարանի տնօրենին՝ տիկին Լաուրային: Պատմում եմ կնոջ մասին, խնդրում, որ անպայման ընդունի: Տիկին Լաուրան չի մերժում: Ասում է՝ թող վաղը գա, կընդունենք: Ուրախանում ենք ես ու տիկին Սվետան: Մեկ էլ կողքի աթոռին նստած կնոջ ձայնն է լսվում.

-Դե որ էդքան հարց լուծող լրագրող ես, իմ հարցն էլ լուծի, էլի:

Ժպտում եմ. հարց լուծող լրագրող… Միջահասակ կինն առանց պատասխանի սպասելու,  սկսում է իր դարդ ու ցավը պատմել.

-Փողոցներն եմ ավլում, տարվա մեջ 9 ամիս գործ ունեմ, 3 ամիս՝ չէ: Բա էս 3 ամիսը ո՞նց եմ ապրելու: Ես մենակ մակարոն եմ կարում առնեմ…

-Մակարո՞ն, չէ, ես մենակ հաց եմ առնում,- արձագանքում է տիկին Սվետան:

-Բայց մակարոնն ավելի սննդարար ա, քան հացը,- ասում է միջահասակը;

-Մակարոն առնեմ, ո՞նց սարքեմ. ո՛չ գազ ունեմ, ո՛չ լույս: Օրը մթնում ա, տեղս եմ մտնում,- շարունակում է տիկին Սվետան:

-Ուրեմն պիտի գնաս,  անտառից ցախ բերես:

-Ցախ բերեմ, որտե՞ղ վառեմ: Պեչք էլ չունեմ:

-Հա՜,- երկարացնում է միջահասակը,- չէ, թող քեզ օգնեն, իմ վիճակը քոնի համեմատ ավելի բարվոք ա: Էսօր աշխատավարձ եմ ստացել, դու էստեղ նստի, ես գնամ հաց ու կատլետ առնեմ, գամ, ասիր՝ 2 օր ա հաց չես կերել:

Ասում է, բայց տեղից չի շարժվում:

-Աղջի՛կ ջան, համարդ կտա՞ս: Ես որ վաղը գնամ ճաշարան, հետո քեզ կզանգեմ,- ինձ է դիմում տիկին Սվետան:

-Հա, զանգեք անպայման, տեսնեմ՝ ինչ եղավ,- ասում եմ ու թղթին գրում  հեռախոսահամարս:

-Ինձ էլ տուր էլի համարդ,- ասում է միջահասակը:

Գրում եմ, նրան էլ տալիս:

-Չէ, երեւի հաց ու կատլետ չառնեմ, երեւի գնամ մի կես կիլո պեսոկ առնեմ, հաց առնեմ,- շարունակում է միջահասակը:

Հերթական հարցազրույցից չուշանալու համար հրաժեշտ եմ տալիս կանանց՝  հաջորդ օրը տիկին Սվետային բարգործական ճաշարանում հանդիպելու ակնկալիքով…

Գայանե Սարգսյան

Երազանքներին ընդառաջ. վանաձորցի 31-ամյա երիտասարդը Բրազիլիայում

Երազանքներին ընդառաջ. վանաձորցի 31-ամյա երիտասարդը Բրազիլիայում
Շուրջ 6 տարի է` Բրազիլիայում է բնակվում վանաձորցի դերասան, 31-ամյա Արթուր Հարոյանը: Օրերս նա Վանաձորում էր ու մեզ հետ կիսվեց իր ձեռքբերումներով ու հաջողություններով: Սկզբնական շրջանում ամենամեծ դժվարությունը լեզվական բարիերն էր: Ուզած-չուզած պետք է պորտուգալերեն սովորեի: Սկզբում, երբ խանութ էի մտնում, փորձում էի ժեստերով հասկացնել, թե ինչ եմ ուզում, բայց հետո ինքս էլ չզգացի, թե ինչպես կատարելագործվեց խոսքս: Մեկ տարի պահանջվեց, որ խոսեմ նրանց լեզվով: Այս տարիների ձեռքբերումնե ՞րս… դրանք շատ են: Առաջինը պիեսիս բեմադրությունն էր: Իմ գրած §1915¦ պիեսն այս տարի ներկայացվեց տեղի ամենալավ բեմերից մեկում ու բուռն ընդունելության արժանացավ: Երկրորդ ձեռքբերումս դերասանական կրթություն ստանալն էր: Այս տարի վերջապես կարողացա իրականացնել իմ կյանքի ամենամեծ երազանքերից մեկը. սկսեցի համագործակցել ռուս երգչուհի Լինդայի հետ: Նրա համար երգ եմ գրել, այժմ այդ երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում, որտեղ նկարահանվում եմ նաեւ ես: Սան Պաուլոյում ստեղծեցի իմ թատերական խումբը, անունը` <<Առկա>>, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է տապան: Մեր համար պարզ է, թե ինչու տապան, իրենց համար հետաքրքիր էր անվան հետ կապված պատմությունը: Հիմա նոր պիեսիս բեմադրման վրա եմ աշխատում. <<Այս աշխարհից դուրս>>: Այն եւս կբեմադրվի մեր թատերական խմբի կողմից: Վանաձորցի երիտասարդը Հայաստանում եւ Հայաստանից դուրս Ես եկել եմ այն եզրակացության, որ այն ամենը, ինչը հիմա այնտեղ եմ անում, եթե այստեղ անեի, կարող է եւ ոչ մեկին պետք չլիներ: Բայց եթե դու դա դրսում ես անում, արածդ ավելի է կարեւորվում, ինչը շատ սխալ է, կարծում եմ: Ես վստահ եմ, որ իմ պես շատ երիտասարդներ կան, որ կարող են լավ գործեր անել, բայց այդ ամենը չի գնահատվում այս երկրում: Բրազիլիայում դու կարող ես գտնել քո տեղը եթե ձեռքիցդ ինչ-որ բան է գալիս. դերասան ես, ուսուցիչ, կոշկակար: Ուղղակի պետք է աշխատասեր լինես: Ինչ խոսք, եթե քո մեջ ձգտում կա, դու ամեն տեղ էլ կարող ես ինչ-որ կերպ ինքնադրսեւորվել, ուղղակի Հայաստանում դա ավելի դանդաղ ու դժվար է տեղի ունենում, քան Բրազիլիայում: Վանաձորը` 6 տարվա ընդմիջումից հետո Անցած տարի որ եկել էի, կարծես ավելի շատ մարդ կար: Դա ինձ շատ է հուզում: Ու ավելի շատ նվազում են երիտասարդները: Փողոցներում հիմնականում տարեցներ են: Ես միշտ շատ եմ սիրել Վանաձորը, Երեւանից հազար անգամ շատ: Ավելի հանգիստ, զով, հարազատ մարդկանց քաղաք է, բայց չգիտեմ ինչու այն սկսել է նմանվել գերեզմանների: Շատ տխուր է, մարդիկ էլ են տխուր, անտարբեր դեմքերով, փողոցներն անհրապույր… Վանաձորւմ միակ դրականն այն է, որ գիտեմ ինձ այստեղ սպասում են: Ինչքան էլ դժվար է կյանքը, ընկերներս, հարազատներս, կոլեգաներս ինձ միշտ ժպտերես են դիմավորում: Ամեն անգամ Հայաստանից գնալիս դեպրեսիայի մեջ եմ ընկնում. մտածում եմ, այս երկիրը ո ՞նց է ապրում: Բայց հույսս դեռ չեմ կտրում, որ մի օր Հայաստանը ու մասնավորապես Վանաձորը իր նախկին տեսքին ու կագավիճակին կվերադառնա: Իմ առաքելությունը որպես հայ Հայաստանը ճանաչելի դարձնելն է Ես այն հայերից չեմ, որ գնում են դուրս ու սկսում տառապել Արարատամոլությամբ: Իմ առաքելությունն ինքս իմ առաջ այն է, որ հասնեմ այն նիշին, որը պլանավորել եմ 5 տարեկանից: Իսկ որպես հայ ուզում եմ աշխարհին ցույց տալ հայկական պատմությունը, մշակույթ: Բրազիլիայում շատ քչերը գիտեն Հայաստանի մասին: Երբ ասում էի ես Հայաստանից եմ, ասում էին, մետրոյի մոտերքն ես ապրում, որովհետեւ այնտեղ մետրոյի կայարան կա <<Հայաստան>> անվամբ: Ես էլ կատակում էի թե` հա, մետրոյի մոտ, կամրջի տակ եմ ապրում: Այնտեղ հայկական համայնքը շատ մեծ է, բայց պասսիվ են: Կարող են տարին մեկ` ապրիլի 24-ից 24-ն ինչ-որ բան կազմակերպել: Ինչու Թուրքիայի մասին տեղեկացված լինեն, իսկ Հայաստանի մասին` ոչ: Ինչու մարդիկ չիմանան Հայաստանի մասին: Մենք հո Մոզամբիկ կամ Զիմբաբվե չենք… Գայանե Սարգսյան

понедельник, 9 июня 2014 г.


 Որտեղ են անցկացնելու ամառային հանգիստը վանաձորցի երեխաները. իրականության ու երազանքների սահմանագծում



Добавьте подпись
Դպրոցներում ավարտվել է ուսումնական տարին, առջևում հանգստի սեզոնն է: Որտե±ղ են անցկացնելու իրենց հանգիստը վանաձորցի երեխաները: Այս հարցում որոշողն, ինչ խոսք ծնողներն են: Իսկ ահա ցանկալի հանգստի մասին երազելը երեխաների մենաշնորհն է:
Որքանո±վ են համընկնում երազելին ու իրականը: Իրականության ու երազանքների սահմանագծում սպասվելիք հանգստի մասին պատկերացումները փորձեցինք պարզել Վանաձորի թիվ 6, 24 և 25 դպրոցների  4-րդ, 5-րդ ու 6-րդ դասարանցիների շրջանում անցկացված հարցման ընթացքում: Հարցմանը մասնկացել է 141 աշակերտ: Նրանց  31-ը նշել է, որ ընտանիքը դեռևս չի որոշել, թե որտեղ են հանգստանալու: Իրենքª երեխաները սակայն, որպես իրենց երազանքների հանգստավայր բազմաթիվ հետաքրքիր պատասխաններ էին նշել. Ռուսաստան, Երևան, Փարիզ, Ամերիկա, Լոնդոն, Ֆրանսիա, Վրաստան, Սևանա լիճ, Իսպանիա, Արևմտյան Հայաստան…
Թվով 12 երեխա անկեղծորեն նշել է, որ ամռանը ոչ մի տեղ էլ չեն գնալու, մնալու են տանը: Երեխաներից մեկը նաև ոչ մի տեղ չգնալու պատճառն է ասել. §Ամռանը ես տանն եմ մնալու, որովհետև ուրիշ տեղ գնալու հնարվորություն չկա¦:



Հարցվածներից 46-ի համար հանգստանալու վայրն այս տարի լինելու է գյուղըª տատիկ- պապիկների կամ որևէ հարազատի տանը: Երեխաները նաև փորձել են մատնանշել գյուղում հագստանալու առավելությունները. օդը մաքուր է, այնտեղ բնություն կա ու տեսարժան վայրեր, գեղեցիկ է, հետաքրքիր է, այնտեղ ամբողջ օրը խաղում եմ ընկերներիս հետ: Ուրախալի է, որ երեխաների մի մասը պատրաստակամ է նաև գյողում բնակվող բարեկամներին օգնելու հարցում. §Արձակուրդս գյուղում եմ անցկացնելու, որովհետև հորաքրոջս օգնել է պետք¦¦- գրել է թիվ 6 դպրոցի աշակերտ, 11-ամյա Հակոբ Գրիգորյանը: Նույն դպրոցից Ռուբիկ Ղամբարյանը ևս պատրաստվում է ամռանը մեկնել գյուղª օգնելու տատիկին ու պապիկին:   
Հետաքրքիր է, որ արձակուրդները գյուղում անցկացնող երխաների մեծ մասն այնուամենայնիվ, երազում է այլ հանգստի մասին. երազանքների աշխարհարգրությունն էլ լայն է. Սևանա լճից մինչև Բրազիլիա ու Իսպանիա: Ընդ որում, Իսպանիա մեկնել ցանկացողները հիմնականում տղարներն են: Պատճառն էլ մեկն է. հանդիպել սիրելի ֆուտբոլային թիմերին կամ ֆուտբոլիստին:

Երեխաներից 22-ը նշել են, որ հանգիստն անց են կացնելու Հայաստանի տարբեր վայրերում. Երևանում, Հանքավանում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Սևանա լճում: Թիվ 25 դպրոցից 11-ամյա Ասյա Ղարիբյանը նշել է, որ ընտանիքով շրջագայելու են Հայաստանով: §Սա է իմ արձակուրդը և ես այդ օրերին շատ եմ սպասել: Ես ցանկացել եմ շրջագայել Հայաստանում, որովհետև Հայաստանի շատ վայրերում չեմ եղել¦,- նշել է նա:
Թվով 24 երեխա ամռանը մեկնելու է  արտերկիր: Ընդ որում, դա նրանց համար ոչ միայն հանգստանալու հնարավորություն է, այլև արտերկրում աշխատող ծնողին տեսնելու հնարավորություն: Ինչպես և ակնկալվում էր, գերակշիռ մասը կմեկնի Ռուսասատնի Դաշնություն: Ի դեպ, վերը նշվածի հետ կապված դպրոցների տնօրեններից մեկը նշեց. §Որոշ ծնողներ զգուշացրել են, որ երեխաների հետ մեկնում են Ռուսաստան ու դեռ հաստատ չգիտեն, կվերադառնան հետ, թե երեխաները այնտեղ կշարունակեն ուսումը¦: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ աշակերտների թվի ամենամյա նվազումը շարունակական կլինի նաև այս տարի:
Երեք երեխա ոուրախությամբ նշել էր, որ ամռանը պարի խմբով կմեկնեն Բաթումիª հյուրախաղերի:

 Հարցման արդյունքում իրականության ու երազանքի սահմանագծերը հատվեցին երեք երեխաների մոտ. դրանք համընկան 12-ամյա Արմեն Ավագյանի մոտ, ով  պետք է հանգստանա իր երազած Դուբայում, 12-ամյա Գոհար Նազարյանի մոտ, ով կհանգստանա Ֆրանսիայումª բարեկամների մոտ և 10-ամյա Հրաչյա Ղուբաթյանի մոտ, ով հանգստանալու կմեկնի Գերմանիաª հորեղբոր մոտ:  
Սիրելի ծնողներ, գուցե հարկ է, որ ավելի ուշադիր լինենք երեխաների հանգիստը հնարավորինս լավ կազմակերպելու հարցում, որովհետև ինչպես թիվ 25 դպրոցի 6-րդ դասարանցի Սուսաննա Սոխակյանն է նշել, §բոլոր երեխաները ուզում են հիշել իրենց մանկությունը¦:

Հ. Գ. Ի դեպ, չենք կարող չնշել մի հանգամանքի մասին. հարցման ընթացքում ամենազարմացնողը թերևս լրացված որոշ հարցաթերթիկներում առկա սխալներն էին, երբ արձակուրդը արցակուրթ է, Ֆրանսիան Ֆռանսյա, լինեի-նª լինեյի, րոշելըª վորոշել, չեմպիոնըª չեմպյոն, կուզեի-նª կուզեյի… Շարքը կարելի է երկար շարունակել:
                                                                                  Գայանե Սարգսյան
                                                                                 




воскресенье, 14 апреля 2013 г.

Վանաձորցի գրականագետ Մելս Սանթոյանի մասին պատմում են ներկա եւ նախկին ուսանողները



Գուրգեն Խաչատրյան, ՎՊՄԻ-ի ռեկտոր- Մելս Սանթոյանը բազմաշնորհ անձնավորություն է, բազմաթիվ նախասիրությունների տեր: Նա կարող էր  այգեգործության, որսորդության, մարդկայինի, սնկորսության և բազամիթվ այլ դասեր տալ: Մելս Գեորգիչը պերճախոս ու շատ խորը հուզաշխարհով մարդ է:
Մատթեոս Ավետարանիչն ասում է, որ ոչ ոք չի կարող 2 տերերի ծառա լինել: Մելս Գեորգիչն էլ բացառություն չէ: Նա իր ողջ գիտակցական կյանքում ծառայել է մի տիրոջª գրականագիտությանը:
Իր  իսկ խոսքերով՝ 38թ.-ին Կիրովականում ծնվելը դեռ իր մանկության սկիզբը չի եղել, իր մանկութայն սկզբը այն ժամանակ էր, երբ հասկացավ, որ ինքը հայր չունի, իսկ մյուսներըª ունեն: Եվ այդ փոքրիկ վտակը, խեղճ, մինուճար առուն քարեքար ընկնելով, վերելքներով, գահավիժումներով այսօր մեր առջև նստած է իբրև մի հորդառատ գետ՝ իր վտակներով՝ 3 որդիներով:
  Նա Կիրովականի առաջին բնակիչներից է և մեր քաղաքի կենսագրության փառավոր էջերից մեկը: Նա մեր ինստիտուտի առաջին բնակիչներից մեկն էլ է:  Ինստիտուտում ձևավորվում է երկարակյացների մի բանակ, ինչի համար ես ուրախ եմ:  Ինստիտուտն առանց երկարակյացների դա նույնն է, ինչ անտառն առանց կաղնիների…

Վալերի Փիլոյան, գրականության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ- Գուրգեն Խաչատրյան, Արտակ Սարուխանյան, Հրաչյա Սարուխան, Գայանե Մալումյան, Ալբերտ Պողոսյան, Վալերի Փիլոյան … Բոլորս Մելս Սանթոյանի ուսանողն ենք եղել: Նա ավելի հաճախ իր մտքի արգասիքը փոխացել է ուսանողներին, քան թեª գրել: Եթե  գրեր այն ամենը, ինչ ասել է, երևի տասնյակ հատորներ կլինեին: Այնուամենայնիվ, մարդն ստեղծել է պատկառելի գրական ժառանգություն: Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նա իր դասախոսությունների ընթացքում ինձ ստիպել է մտածել, այն բանի համար, որ այսօր այստեղ աշխատում եմ, որովհետև մի օր մի քիչ կոպիտ ինձ ասաց. <<Դու հիմա ո±ւմ ծառան ես, հեռուսատեսությա±ն, թե± գրականության: Սեպտեմբերի 1-ից  գալու ես սփյուռքահայ գրականություն պարապես>>:
 Արաբական ասացվածքն ասում է. <<Եթե ճանապարհ ես ընկել ու մոլորվել ես, վերադարձիր ուսուցչիդ մոտ¦: Շատ հաճախ չեմ մոլորվում, բայց շատ հաճախ, ամեն աստծո օր գնում եմ ուսուցչիս մոտ:  Ես շնորհակալ եմ, որ ինքը ծնվել է, և չեմ բարեբանում, որովհետև աստված արդեն բարեբանել է: Ես ընդամենն ասում եմ՝ ամեն:

  Ալբերտ Պողոսյան, բանասիրական ֆակուլտետի դեկան- 1979թ.-ին ընդունվեցի Կիրովականի մանկավարժական ինստիտուտ: Այդ ժամանակվանից էլ ճանաչում եմ Մելս Սանթոյանին: Հետո իմացա, որ նա այդ ժամանակ արդեն կարող էր շատ ավելի մեծ հաջողությունների հասած լինել, սակայն ծնողասեր զավակը թողել էր մայրաքաղաքի լավագույն առաջարկությունները եւ վերադարձել Կիրովական, որովհետեւ մայրն այստեղ էր եւ մենակ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ եթե աստված մարդուն տվել է այդ շնորհը, նա անպայման հաջողության կհասնի: Այսօր Մելս Սանթոյանը ճանաչված, հարգված, սիրված գրականագետ ու մարդ է ոչ միայն մեր քաղաքում, այլ նաեւ ամբողջ հանրապետությունում:  Շնորհակալություն Ձեր դասեր-խորհուրդների համար, այն ամենի համար, ինչ արել եք:


Հրաչյա Սարուխան, բանաստեղծ- Ես գիտական խոսք չեմ ասի, չեմ վերլուծի նրա աշխատանքային գործունեությունը: Պրոֆեսոր Մելս Սանթոյանին ճանաչում եմ 60-ական թվականներից, երբ այստեղ դեռեւս չէր հիմնադրվել մանկավարժական ինստիտուտը: Բացի այն, որ նա եւ° իմ, եւ° ինձնից հետո եկող բոլոր բանաստեղծների կնքահայրն է եղել, նաև գիտական սերունդ է դաստիարակել: Դժվար է պատկերացնել Վանաձորը առանց Մելս Սանթոյանի…

 Արտակ Սարուխանյան, գրականության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ.-  Արևմտահայ գրականության մեջ վաստակավորի բնութագրով մեկ համապարփակ բառ գոյություն ունիª գրագետ: 60-ական թվականներին նա մեկեն տիրական դիրք գրավեց մեր գրականագիտական կյանքում: Բազում քանքարավորների մեջ սեփական փայլը պահպանելու համար բացառիկ ինտելեկտուալ պատրաստվածությունից ու մասնագիտական օժտվածությունից զատ ինչ-որ ուրիշ բան էր պետք: Հենց այդ ուրիշ բանն էլ նրան դարձրեց Մելս Սանթոյանª անշփոթելի ոճ, գրականագետի զգաստ միտք, կշռադատ հայացք, վարակող ոգեւորություն:

Տաթևիկ Սարգսյան, 2012թ.-ի բանասիրական ֆակուլտետի լավագույն ուսանող- Մելս Սանթոյանը այն դասախոսներից էր, որ սիրում էր կիսվել իր գիտելիքներով՝ ձգտելով ուսանողին տալ առավելագույնը: Նրա դասախոսությունները վեր էին ածվում հուշ-պատմությունների, քանզի միշտ գտնում էր մի հետաքրքիր դեպք, դիպված՝ կապված այս կամ այն գրողի նախասիրությունների, հանդիպումների, ստեղծագործական աշխատանքի հետ: Իր սիրելի կերպարներին նա փնտրում էր կյանքում և գտնում իր ուսանողների մեջ, որոնք նրան մերթ Դիլանի Սոնային էին հիշեցնում, մերթ Չարենցի Կապույտ աղջկան…
Մելս Սանթոյանը Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների անդամ է, Լոռվա ասպետ, Նանսենի անվան մեդալակիր: