среда, 26 декабря 2012 г.

Մեր զրուցակիցը տեր Վահան քահանա Ազարյանն է

 <Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով>   
          Ազարյանները կամ հոգևորական են, կամ զինվորական
    Ծնվել եմ Գավառ քաղաքում: Մայրական կողմս ակունքներով Գավառից է, հայրական կողմս` Արևմտյան Հայաստանից, Վանից և Բայազետից: Հորս հոր կողմը քահանայական սերունդ է: Նրանք բռնի գաղթի են ենթարկվել դեռ 1823 թվականին և տեղափոխվել  Արևելյան Հայաստան: Ազարյանների մի ճյուղը զինվորականներ են եղել, մյուս ճյուղը` հոգևորականներ: Դեռ մանկուց սիրում էի և' զինվորականի, և' հոգևորականի արտահագուստը:  
         Ամեն ինչ, բայց ոչ քահանա
     Սովորում էի Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարագիտության բաժնում:1990թ.-ին` ուսումնառության վերջին կուրսում, մասնագիտացված կուրս բացեցին մեզ համար, որը կոչվում էր Վերականգնվող հուշարձանագիտության ճարտարապետություն: Կարծում եմ`  դա խորացրեց ինձ մոտ հետաքրքրությունը հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ:  Եկավ մի պահ, երբ ես ցանկացա ավելին իմանալ եկեղեցու մասին: Սկսեցի հետաքրքրվել իմ նախնիներով, և քահանայի դերը շատ ավելի բարձր արժեք ձեռք բերեց ինձ համար: Չէի ասի, որ լիարժեք հասկացա,  թե որ ճանապարհով եմ գնալու: Ուղղակի ուզում էի որքան հնարավոր է օգտակար լինեմ եկեղեցուն: Վճիռս քննարկվեց ընտանիքում: Այդ ժամանակ որոշակի կարծրատիպեր կային: Դա  կար նաև ընտանիքում. ամեն ինչ, բայց ոչ քահանա:  Կար նաև Գավառի մտածողության հետ շփվելու խնդիրը, որ Ազարյանների տնից մեկը գնացել է սովորելու ու չկարողանալով ավարտել,  գնացել է տերտերության հետևից: Եվ այդ մտածողության հետ իրենք էին պայքարելու....
Քահանա ձեռնադրվելու համար պակասում էր ամուսնացած լինելու հանգամանքը
    1991թ.-ին  գնացի Երևան, ընդունվեցի ասպիրանտուրա: Այդ ժամանակ     քահանաների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կար: Առաջարկեցին   դպիրություն անել եկեղեցում: Համաձայնեցի:   4 տարի մնացի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում առանց որևէ աստիճանի, որից հետո դպիրի աստիճան տվեցին: 1995թ.-ին սարկավագ դարձա:  Քահանա ձեռնադրվելու համար պակասում էր ամուսնացած լինելու հանգամանքը: 1996թ.-ի հուլիսին ամուսնացա, սեպտեմբերին ձեռնադրեցին որպես քահանա: Հոկտեմբերի վերջին թողեցի ընտանիքը: Խաղաղ, համերաշխ բաժանվեցինք: Եվ բնականաբար արձագանք եղավ եկեղեցական իշխանության կողմից:   Վեհափառ հայրապետը գտավ, որ որոշակի մեղավորություն ունեմ. միգուցե շտապել եմ:  Մնում էի քահանայության մեջ և տրվում էր ժամանակ` մտածելու համար:   Առաջարկ եղավ տեղափոխվել Գուգարաց թեմ: Մտածում էի, որ ծխում եմ ապրում, ուրեմն լավ կլինի ծխատեր քահանայի կարգավիճակով ապրեմ, որովհետև քահանան պետք է փորձի լավ օրինակ ծառայել իր ընտանիքով, պիտի   մարդկանց հետ նույն հոգսերով ապրի: Ժամանակը լրանալուց հետո ամուսնության թույլտվություն տրվեց:
Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով
    Ընտանիքը մի բան է, ուր երբեք չպիտի դավաճանություն դիտվի, ուր ծնվում է առաքինությունը, ուր սկիզբ են առնում բոլոր տեսակի սկզբունքները, ուր Աստծո ներկայությունը կա: Զավակները, կինդ, տան անդամները. նրանցից յուրաքանչյուրը պահանջում է իր բաժին հավատարմությունն ու իր բաժին անկեղծությունը:  Սեր ասելով ես հասկանում եմ հավատարմություն,   հասկանում եմ իմ տեղն ընտանիքում: Սեր ասելով հասկանում եմ անվերապահ, ոչինչ չպահանջող բացառիկ հարգանք: Ընտանիքը հարգանքի բարձագույն աստիճանն ունի, որից վեր Աստված է` իր պաշտամունքով:
Աստծուց էր տրված ընտրությունը
     Կնոջս` Լիանայի հետ  ծանոթությունը եղել է եկեղեցում: Նա  ներգրավված էր երիտասարդաց միության կազմում:  2001թ.-ի սեպտեմբերին անկախության մյուռոնն էր օրհնվում: Գնացինք ուխտագանացության, և ճանապարհը տվեց փոխհասկացվածություն. որոշեցինք խորացնել մեր շփումները: Ընտանիքին ծանոթ էի: Մայրը քրիստոնեական դաստիարակության կենտրոնում ուսուցիչ էր: Մնում էր իմ վերջնական քայլը.  խոսել ընտանիքի հետ: Եվ ես արեցի այդ քայլն էլ ու չվարանեցի ասել, որ ես այս, այս, թերություններն ունեմ: Իրենք էլ ծիծաղով ասացին. մենակ այդքանը չի, ավելի շատ է, բայց որ այդքան անկեղծ ես...
      Ընտրեցի նրան, ում մինչև վերջ կվստահեմ, մինչև վերջ կնվիրվեմ: Գործող քահանայի ընտանիք էր կազմավորվում, շատ նրբություններ էինք հաշվի առնում: Հիմա ծիծաղով եմ հիշում դրանք, բայց և զգում եմ, որ բավականին ճիշտ բաներ էինք մտածում: Ամենակարևորն այն էր, որ երկուսով նույն կերպ էինք մտածում: Գտնում էինք, որ քահանայի ընտանիքը պետք է լինի բոլոր տեսակի զիզի-պիզի, թիթիզ  բաներից հեռու: Ամեն բան տվյալ ժամանակի մեջ արդարացված պետք է լինի. ասված խոսքը, կատարված որոշումը, ներկայությունը այստեղ կամ այնտեղ: Միշտ չէ, որ մարդը ամեն ինչ կարող է անել ըստ իր սրտի ուզածի: Այն, ինչ կարող է կատարել կինը ընտանիքում, տվյալ դեպքում քահանայի կինը  իր տեսակով, իր բարձրությամբ, կարելի է ասել քահանայի գործի կեսն է` նրա հեղինակության պահպանման, երեխաների դաստիարակության առումով:Ես տեսա ու հարգեցի նրան, տեսա, որ ամեն ինչ հասկանում է, որ պետք չէ ամեն ինչ պատմել, բացատրել: Աստծուց էր տրված ընտրությունը կարծես: Միշտ թիկունքս ապահովված եմ զգում ընտանիքում: 2005թ.-ին ընտանիք կազմեցինք, 2009-ին ծնվեց մեր աղջկիը` Շուշանը, 2011-ին` տղաս` Դերենիկը:
    Ինչ սահմանփակումներ կան
    Երեխաներս փոքր են, և արգելելու, սահմանափակելու շատ բան դեռ չկա: Աղջիկս  հպարտորեն տեր Վահանով կամ հայրիկով է դիմում ինձ: Այժմվանից փորձում եմ աստիճանաբար բացատրել` ինչն է կարելի, ինչը` ոչ: Բնական է, որ հետագայում կլինեն սահմանափակումներ նրանց համար գուցե հագուստի, ինչ-որ տեղ այցելելու կամ մնալու ժամանակահատվածի հետ կապված: Ես պիտի փորձեմ այնպես անել, որ այդ ամենը տրամաբանված համարեն, զգան, որ լավ բան, ճիշտ բան արեցին: Այնքան ուրախ եմ, որ տանը կինս իսկապես դրան կհասցնի: Կնոջս հետ կապված  մինչև հիմա չեմ հիշում որևէ դեպք, որ իրեն ասեմ` դա մի արա: Ինքը միշտ  հասկացել է` ինչպիսին է պետք լինել տվյալ պահին:
Պատահում է`  զահլա չենք ունենում խոսելու. սովորական ընտանիքների նման
    Տանը տարաձայնություններ կարող են լինել այս կամ այն հարցը քննարկելիս. օրինակ սերիալի սյուժեի, որևէ հաղորդման, ընտրությունների հետ կապված և այլն:   Մեկի հասցեին ես կարող եմ բորբոքվել, իմ կարծիքն ասել, նա ճիշտ հակառակը կասի: Բայց մենք միշտ նկատի ենք ունենում, որ տանը երեխաներ կան: Դրանք հիմնականում ավարտվում են որևէ մեկիս հաղթանակով: Պատահում է նաև, որ հոգնում ենք, զահլա չենք ունենում խոսելու ոչ մի բանի շուրջ. սովորական ընտանիքների նման:
    Քահանան էլ սովորական մարդ է, ով կարող է երեխայի հետ գորգի վրա խաղալ
     Կարող եմ երեխայի հետ գորգի վրա խաղալ, գոռալ-գոչել, բայց երբեք սկզբունքի փոփոխություն չեմ ունեցել: Միշտ փորձել եմ, որ ես ես լինեմ և' տանը, և' քահանայության մեջ:
        Ամենակարևորը  ընտանիքում
    Ամենակարևորը անկեղծ հավատարմությունն է, որով էլ կկառուցես սերը:  Եթե չես կեղծում, չես թաքցնում ոչինչ, ուրեմն սիրում ես, ուրեմն սերը գործնականորեն գոյություն ունի: §Ես քեզնով եմ ապրում¦ խոսքերը պետք է անկեղծ լինեն: Մարդը չպետք է մտածի. §Հանկարծ ամուսինս ուրիշի վրա աչք չդնի¦:  Եթե մեջդ կասկած մտավ, անհրաժեշտ է ամեն ինչ քանդել, նորից սկսել:
                         


   


 
   
   



   

   

   

Հարցազրույց գեղանկարիչ Անատոլի Ավետյանի հետ


    
    Նկարիչը ծնվել է Սիբիրում, ապա տեղափոխվել Կիրովական, այնուհետ` Երևան: Ասում է. <Մի ոտքս այստեղ է, մի ոտքս` այնտեղ: Ամռանը Վանաձորի արվեստանոցում եմ ստեղծագործում, ձմռանը` Երևանում>: Համեմատական անցկացնելով մարզի ու մայրաքաղաքի ստեղծագործողների խնդիրների միջև, նշում է. <Խնդիրները նույնն են: Հիմա պետությունը քիչ է մտածում արվեստագետի մասին: Առաջ պետությունն էր պահում արվեստը: Հիմա մենք ենք մեր մասին մտածում: Շատերի մոտ որակն ընկնում է այն պատճառով, որ սկսում են շուկայի վրա աշխատել, որ գործը վաճառվի: Գնորդի ճաշակն են հաշվի առնում, իսկ շուկան այսօր պահանջում է սիրուն, պլպլան բաներ: Սիրում են  նատյուրմորտներ, Մասիսներ Խոր Վիրապի ֆոնի վրա...>:
    Ինչպես նկարիչների մեծ մասը, Ա. Ավետյանը ևս դժվարությամբ է բաժանվում իր գործերից. < Քո երեխան է, տանջվել, չարչարվել ես, բայց եթե բոլոր գործերդ  հավաքես, պահես մոտդ, ինչո±վ պիտի ապրես: Պատահում է, ուրախանում ես, որ աշխատանքդ այդ մարդու մոտ ընկավ, պատահում է` ափսոսում: Բայց ինչ արած>:
    Հարցին, իսկ դա բավարար է ընտանիք պահելու համար, պատասխանում է. §Ես ամբողջ կյանքում միայն ստեղծագործել վաճառելով եմ ընտանիքս պահել, այլ գործով չեմ զբաղվել¦:
    Վանաձորյան արվեստի վաղվա օրը լուսավոր է տեսնում. §Շատ լավ երիտասարդներ կան: Մեկ-մեկ այնպիսի լավ գործեր եմ տեսնում, որ շատ ուրախանում եմ: Ապագա ունենք, եթե իհարկե կյանքը մի քիչ լավանա, որ ֆինանսի հետևից չընկնեն¦:
    Հարցին` ունի աշակերտներ, ում կփոխանցեր իր փորձը, պատասխանում է. <Չունեմ: Ես վատ մանկավարժ եմ, որ չեն լսում շատ շուտ ջղայնանում եմ: Հետո սա  շատ դժվար աշխատանք է. թխկոց, շխկոց,  կտավի մոտ յուղաներկով խաղալը ուրիշ է, սա` ուրիշ>:
    Ինչպես բոլորը, նա ևս ունենում է ձախողումներ: Անկեղծանում է. <Մեկ-մեկ լինում է, որ ինչ ուզում ես արա, չի ստացվի: Պատահում է գործի վրա ամիսներով աշխատում ես, հետո ջարդում, դեն գցում: Լինում էլ է մի օրվա մեջ էնպես հրաշք բան է ստացվում, որ ամբողջ կյանքում նայում, ուրախանում ես>:
    Թե որն է համարում իր ամենալավ գործը, դժվարանում է պատասխանել: <Ամենալավը դեռ նոր պիտի ստեղծեմ>:
    Ցուցահանդեսին նկարիչը ի թիվս այլ աշխատանքների, ներկայացրել է <Իմ ժամանակակիցը> շարքը, որում մեր կողքին ապրող ու արարող ճանաչված մարդկանց դիմանկարներն են, իրենց մակագրություններվ.  Ռազմիկ Դավոյան, Ռուբեն Հախվերդյան,  Արա Գևորգյան, Փափագ Ալոյան... 
     Ա. Ավետյանը ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:  Կինը մասագիտությամբ նկարչուհի է, աղջիկը` մոդելավորղ, տղան` ռեժիսոր: Հարսը ևս նկարչուհի է : Ինչպես ինքնէ նշում, տնից երեքը` ինքը, հարսը, աղջիկը, նկարիչների միության անդամ են: Տանը ստեղծագործական վեճեր ունենում եք հարցին պատասխանում է. <Քննարկումներ ունենում ենք, վեճեր` ոչ: Ընդունում են իմ կարծիքը>: 

                             

воскресенье, 23 декабря 2012 г.

Հարցազրույց վանաձորցի երգիչ Մհեր Բեկչյանի հետ

<Կյանքիս ամենավ երգը դեռ չեմ գրել…>
Գիշերը հոգնած մի փողոցով
ես քայլում եմ մենակ ու հիշում
Եվ աստղերը հեռվից շշնջում են ասես
Մի հեքիաթ հեռավոր օրերից….
Հավանաբար շատերին են ծանոթ այս երգի բառերը, սակայն քչերը գիտեն, որ երգի հեղինակը վանաձորցի երգիչ Մհեր Բեկչյանն է: <Հաճախ եմ լսում այս երգը տարբեր հավաքույթների, հանդիպումների ժամանակ: Վերջերս այն երգող աղջկան հարցրի` գիտե±ս ով է հեղինակը, պարզվեց` չգիտի… >,- պատմում է  երգիչը, ով <Գիշեր> երգը հեղինակել է 1975 թ.-ին:
    <15 տարեկան էի, երբ որոշեցի կիթառ նվագել: Երաժշտական դպրոց չեմ հաճախել. ընկերներիցս մեկն էր օգնում>,- հիշում է երգիչը:
Մեկ տարի անց, ավարտելով թիվ 1 դպրոցն ու ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղում անհաջող հանձնելով ընդունելության քննությունները, որոշում է դիմել մանկավարժական ինստիտուտի երգարվեստի բաժին:
    <Երգարվեստի բաժնում սովորելն ինձ շատ օգնեց>,- ասում է Մ. Բեկչյանը: Ընդգրկվելով բուհում կազմավորված <Արծաթե լարեր> խմբում, հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով: <Եվ կիթառ էի նվագում, և երգում էի>,- ասում է նա: Սովորելու տարիներին էլ սկսում է ստեղծագործել. գրում էր և երաժշտությունը, և երգի բառերը: Շուրջ 30 երգի հեղինակ է: Դրանց մի մասը տարածում են գտնում, մի մասը` ոչ: Ամենատարածվածը թերևս <Գիշերն > է, սակայն ամենասիրելին երգչի համար եղել ու շարունակում է մնալ <Թռչուն> երգը.
    Եղել ես դու մենակ,
    Երազել կարոտով,  հավատով,
    Ու երկար սպասել,
    Կորցրել ես  կյանքում և սեր, և ընկեր
    Ընկել ես ու նորից բարձրացել…
<Սա կարծես իմ կյանքի երգը լինի. իմ կյանքն էլ է այսպես. հաճախ եմ կորցրել, բայց երբեք չեմ կոտրվել: Իմ կորուստներն ինձ ուժ են տվել առաջ գնալու համար>,- ասում է երգիչը:
    Մհերը երգել է մի քանի խմբերի կազմում: Երգել է տարբեր ոճերում, սակայն առավել հոգեհարազատը համարում է ռոքը: Վերջին 20 տարիներին ներկայանում է Վանաձորի կամերային երգչախմբի կազմում, որը նաև հոգևոր երգեր է ներկայացնում Սբ. Գր. Նարեկացի եկեղեցում: Երեխաների հետ երգեցողության պարապմունքներ է անցկացնում Գեղագիտության կենտրոնում: 
    Այսօրվա երգարվեստի մասին Մ. Բեկչյանը իր կարծիքն ունի. <Ամեն երգ երգ չէ: Այսօրվա երգարվեստում ինչ լավ բան կա, հնուց է եկած: Իսկ նորը հիմնականում լավ շոու է. փայլ, որի տակ ոչինչ չկա,- ասում է երգիչը: -Երգը պետք է անկեղծ լինի: Դրանում պետք է իրական կյանք լինի, պետք է թափանցի ունկնդրի ներաշխարհն ու փոթորկի այն>:
Երգիչը  բազում երազանքներ ունի. <Մի խաղաղ անկյուն, սեր, ջերմություն, ընտանիք…>: Իսկ նպատակներն ավելի հստակ են. <Ուզում են երգերս հավաքեմ, CD թողարկեմ: Ափսոս է, ինչի
-->± կորչի>:
    55-ամյա երգիչը թեև ափսոսալ չի սիրում, սակայն. < Եթե նորից ապրելու լինեի, ամեն ինչ այլ կերպ կանեի,- ասում է ու վերցնում կիթառը. եթե հնարավոր լիներ ջնջել ամեն ինչ ու կյանքը սկսել նորից…>:
    Մհեր Բեկչյանը համարում է, որ դեռ չի գրել իր ամենալավ երգը. <Ինձ թվում է իմ ամենալավ երգը ես դեռ պետք է գրեմ: Գուցե դա լինի կարապի երգ, բայց կլինի…>:
Իսկ հրաժեշտին հանպատրաստից ծնվում է նոր երգի մեղեդին….

Գեղանկարիչ Կապոյի մասին պատմում են ընկերները

 Նա ստեղծեց  բոլորից առանձնացող իր կապոյական աշխարհը
Ապրիլի 18-ին Վանաձորը կորցրեց տաղանդավոր գեղանկարիչ Կարեն Դավթյանին, ով արվեստագետների շրջանում հայտնի էր Կապո անվամբ: Եվ այսօր նրա մասին հիշում ու պատմում են նրանք, ում բախտ է վիճակվել երբևէ շփվել Կապոյի հետ, լինել նրա ընկերն ու բարեկամը:
Կառլեն Քոչինյան, գեղանկարիչ- Կապոն շատ շնորհաշատ նկարիչ էր, բարձր ճաշակ ուներ, ամենակարևորը, որ ստանդարտ, ծեծված ճանապարհով չէր գնում. ստեղծել էր իր ոճը, իր երկնագիրը, և աշխարհի որ անկյունում էլ նրա նկարը տեսնեին, կասեին` սա Կապոյի նկարներն են:  Այդքան շնորհալի լիելով հանդերձ` շատ համեստ էր… Անընդհատ ձգտում էր նոր ուղիների, կանգ չէր առնում…  Եվ այս ամենով հանդերձ նա իմ համար մնում է  մեր քաղաքի շնորհալի այրերից մեկը, որ երբևէ տվել է Լոռվա աշխարհը: Ցավը ծանր է, կորուստը` շատ մեծ…  
  Անդրանիկ Ղարաբեկյան, գեղանկարիչ- Կապոն մանկության ընկերս էր. շուրջ 43 տարի է, ճանաչում եմ: Մեծ գեղանկարիչ էր ու մեծ մարդ:
Աշոտ Հախոյան, գեղանկարիչ- Մաքուր էր ու ազնիվ: Չէր հանդուրժում անարդարությունը, խաբեբայությունը, սրիկայությունը: Մարդկային լավագույն հատկանիշներով ու իր վերուստ տրված տաղանդով էր օժտված: Յուրահատուկ      արվեստ ուներ: Իր ձևի մեջ էր, չէր կրկնում որևէ մեկին: Նրա ամենասիրելի նկարիչը Կառլոս Աբովյանն էր, որից ինչ-որ բան վերցնելով, նա իր ճանապաարհը հարթեց և ստեղծեց իր բոլորից առանձնացող կապոյական աշխարհը: 
Սամվել Քարամյան, մանկության ընկեր- Մեծ մարդ կորցրինք: Կապոն մարդկային էր. և լավ ընկեր էր, և լավ ընտանիքի հայր:  Իմ հայրն էլ է նկարիչ եղել` Կիմ Գրիգորիչը: Կապոն փոքր է եղել, երբ պապը ձեռքից բռնած բերել է մեր տուն ու հորս ասել. ուզում եմ նկարիչ դառնա: Հայրս նայել է ու ասել. կդառնա, մեծ նկաիչ կդառնա: Ու դարձավ… Նրա նկարչության մասին աշխարհը դեռ կխոսի: 
Ռուբեն Սուվարի, գեղանկարիչ - Կապոն ասում էր` Աստված նկարչին ստեղծել է նրա համար, որ մարդիկ չմոռանան արարումի մասին: Կապոն ինձ շատ բան է տվել, անընդհատ ոգևորում էր… Նա առաջին հերթին շատ մեծ Մարդ էր. մարդկային մեծ պոտենցիալ ուներ իր մեջ: Կյանքով լեցուն էր  և որպես մարդ, և որպես գեղանկարիչ…
Վաչագան Մադոյան, գեղանկարիչ- Այնքան վաղուց եմ ճանաչում նրան, որ չեմ էլ հիշում: Տարիների ընթացքում, երբ նկարչությունը սկսեց ավելի լուրջ տեղ   զբաղեցնել մեր կյանքում, արդեն նկարիչ ընկերներ էինք: Աստվածատուր շնորհք ուներ: Ընկերասեր էր… Այս համատարած հակասությունների մեջ նա մնացել էր մաքուր ու պարզ, ինչը ոչ բոլորին է հատուկ: Ինքն իր ուզածին հասել էր նկարչության մեջ ու դրանով երջանիկ էր: Երազում էր, որ այսօր ավելի լավ նկարի, քան երեկ… Շատ էր սիրում նկարչությունը, շնչում էր դրանով… Նա ուղղակի չէր կարող չնկարել: Հազվադեպ օրեր էին լինում, որ ասում էր, այսօր չեմ նկարել: Եվ այսօր նրա ֆիզիկական բացակայությունն ամենևին չի նշանակում, որ նկարիչ Կապոն չկա…


Հուշեր վաստակաշատ լրագրող Արծրուն Սարգսյանի մասին


 Արծրուն Սարգսյանը 1945 թ.-ից սկսած ավելի քան կես դար զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Թղթակցել է <Ավանգարդ>, <Խորհրդային Հայսատան> թերթերին, եղել է Արմենպրեսի, հանրապետական ռադիոյի սեփական թղթակիցը: 1962 թ.-ից շուրջ 3 տասնամյակ եղել է քաղաքային §Կայծ¦ թերթի խմբագիրը: Այդ ժամանակաշրջանում թերթի տպաքանակը հասել է 23.000-ի:
Այսօր մեզ հետ չէ վաստակաշատ լրագրողը, սակայն նրա մասին հիշում ու պատմում են գործընկերներն ու  մտերիմները:

Խորեն Գասպարյան- թարգմանիչ, լրագրող- Արծրուն Սարգսյանը շատ լավ էր տրամադրված երիտասարդ լրագրողների նկատմամբ. միշտ խրախուսում էր նրանց,  ճանապարհ տալիս…  Ինքս էլ երբ § Կայծին¦ նյութեր էի տալիս, միշտ գրկաբաց էր ընդունում… :  Որպես լրագրող և խմբագիր, բնականաբար, այն ժամանակների ոգով էր շարժվում, բայց ո±վ չէր այն ժամանակ այդ ոգով շարժվում: Միևնույն ժամանակ այնքան համարձակ էր և կարող էր այնպիսի բան գրել, որ քաղկոմում և այլ ատյաններում չկարողանային  գրածի տակից դուրս գալ:
Հրաչյա Սարուխան, բանաստեղծ-  <Կայծում> գրական աշխատող էի:
 Մի անգամ ասաց. որոշել եմ քեզ հեռացնեմ աշխատանքից, քո փոխարեն Շիրազին գործի ընդունեմ: Ես էլ միամիտ միամիտ հարցրի, բայց Շիրազը կգա± աշխատի, ասաց դու էլ չես գալիս, գոնե կասեն Շիրազի խմբագիրն  է:
Որպես խմբագիր շատ խստապահանջ էր, շատ բանիմաց: Սիրում էր թարմություն մտցնել թերթում, բայց կուսակցական կաղապարները իրեն թույլ չէին տալիս շատ տարածվել:
Սամվել Խալաթյան, դրամատուրգ- Ա. Սարգսյանը պատկանում էր հայ լրագրողական  մտքի այն տիտանների շարքին, որոնք ստեղծեցին խորհրդային ժուռնալիստիկայի շկոլա:  Նրանք ամենևին  խորհրդային իշխանության գովերգողները չէին: Այո, տուրք էին տալիս այս կամ այն չափով տիրող կարգերի խիստ պահանջներին,  որովհետևւ կար գրաքննություն, բայց դա մարտնչող շկոլա էր…Արծրուն Սարգսյանի շնորհիվ Կայծ թերթի տպաքանակը հասավ 25.000-ի: Նրա շնորհիվ թերթը կարողանում էր ընթեռնելի լիներ ժողովրդի համար: 
Երբ առաջին անգամ եկա §Կայծ¦-ում աշխատելու, ասացի, գիտեք, ես դեռ բարձրագույն կրթություն չունեմ,,պետք է աշխատանքին զուգընթաց սովորեմ: Այն ժամանակ շատ ղեկավարներ չէին ցանկանում, որ իրենց աշխատողը անընդհատ բացակայի դասերի համար: Զարմացած նայեց ինձ ու ասաց. բա ոնց: Եվ այնքան ջերմ ընդունեց ինձ: Արծրուն Սարգսյանն իմ համար մեծ ուսուցիչ է եղել:
Հաjկ Օհանյան, Վանաձորի պատվավոր քաղաքացի- Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին. ես քաղկոմի քարտուղար էի, ինքը <Կայծի> խմբագիրն էր: Նա շատ էր սիրում իր քաղաքը. բոլոր հարցերում նրա համար մանրուք չկար: Ոչ միայն գրում էր գրելու համար, այլ հետևողական մինչև վերջ գնում էր, մինչև այդ թերություւնը վերացվի: Նա շատ մեծ աշխատանք է կատարել վանաձորյան շախմատի զարգացման համար: Նրա մարդկային նկարագրից կարելի է առանձնացնել նվիրրվածությունը, ազնվությունն ու մաքրությունը: Արծրունը  քիչ ընկերներ ուներ, բայց իր ընկերներին նվիրված էր: Ես էլ եմ եղել նրա ընկերը:
Արշակ Ռամազյան, Վանաձորի շախմատի մարզադպրոցի տնօրեն- վանաձորյան շախմատի մեջ նա առաջինն էր, ով տեսական պատրաստվածությանը ուշադրություն դարձրեց: Երկար տարիներ եղել է Վանաձորի շախմատի ֆեդերացիայի նախագահը:  Շատ հետաքրքիր անձնավորություն էր: Արծրուն Սարգսյանը երկու անգամ եղել է Հայաստանի չեմպիոն և մինչ օրս էլ  դա աննախադեպ  ցուցանիշ է.  չկա որևէ մեկը, որ Հայաստանի կրկնակի չեմպիոն լինի:  
Մանվել Միկոյան, <Լոռու մարզ> թերթի խմբագիր-  Լրագրողի ընդունակությունները հայտնաբերելու շատ յուրահատուկ ունակություններ ուներ և հնարավորություն էր տալիս դրսևորվելու:  Գիտեր ում ինչ հանձնարարություն պետք է տա, որ չձախողվի… Հայրական հոգատարություն եմ զգացել նրանից: Բռնկուն բնավորության տեր էր, բայց գիտեինք` հոգին մաքուր է: Անսպառ հումոր ուներ և առաջին պահին հաճախ չէին հասկանում այդ հումորը: Աշխատանքի կազակերպչական մեծ կարողություններ ուներ,  լրագրողի հեղինակությունը պահելու համար ամեն ինչ անում էր: Ու մեզ անընդհատ ոգևորում էր. մենք գիտեինք, որ մեր գրածը պետք է տպվի:
 Շատ էր վախենում գրիպից. հենց տեսնում էր մեկը թաշկինակը տարավ քիթը մաքրի, ասում էր, հը, գրիպ ես, գնա, դու այսօր գործի մի արի: Ընկերական էր, հետաքրքրվում էր նաև աշխատակիցների անձնականով: Ես դեռ ամուսնացած չէի, ինչ աղջկա հետ տեսնում էր կանգնած, զրուցելիս, ասում էր, հը, ինքն է±, իր հետ ե±ս ամուսնանալու… Ամենակարևորը շատ պրոֆեսիոնալ խմբագիր էր, համարձակ էր, չէր վախենում հարվածներից և իր հետ բոլորը հաշվի էին նստում: 

                               

суббота, 22 декабря 2012 г.

Բարձրագույնավարտ ուկրաինուհին` Վանաձորում աղբատար մեքենայի բանվոր


<<Мой хoзяин веник  и совок>>
                <Տղամարդը չի կարող նրա արած գործն անել: Նրա նման 3-4 աշխատող ունենայի…>, -այսպես է արտահայտվում իր աշխատակցի` 54-ամյա Տանյա Վորոշկովայի մասին Վանաձորում աղբահանություն իրականացնող <<Վանաձորի Սանմաքրում>> ԲԲԸ-ի տնօրեն Էդմոն Էդարյանը: Տանյան մի քանի տարի է` աշխատում է այստեղ որպես աղբատար մեքենայի բանվոր: Սեփական ցանկությամբ հրաժարվել է երկրորդ` օգնական բանվորից: <<Երկու հոգու գործը միայնակ է անում, փոխարենը կրկնակի էլ վարձատրվում է>>,- ասում է տնօրենը:      
            Աշխատանքային ընդմիջման ժամին հանդիպեցինք Տանյայի հետ: Առաջին հայացքից աչքի զարնողը հագուստի մաքրությունն ու կոկիկությունն էին, իսկ թեթև դիմահարդարումը ամենևին էլ չէր հուշում, որ նա հենց նոր է իջել աղբատար մեքենայից:
            Տանյան 22 տարուց ավելի է` ապրում է Վանաձորում:
               
                -Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք  գալ Հայաստան:
                - Եկա երկրաշարժից հետո: Ինձ Ուկրաինայից ուղեգրեցին այստեղ` որպես ճաշարանի ղեկավար: Բարձրագույն կրթություն  էի ստացել Սիբիրի տեխնոլոգիական ինստիտուտում, ունեմ հասարակական սննդի ինժեներ-տեխնոլոգի և 5-րդ կարգի խոհարարի որակավորում: Աշխատում էի <<Ուկրշին>> շինարարական կազմակերպությունում: Երեք ճաշարանի գործունեության  պատասխանատվությունն ինձ վրա էր: Մի քանի տարի անց կազմակերպությունը դադարեցրեց աշխատանքներըՈրոշ ժամանակ հացի փռում  աշխատեցի, հետո ստիպված էի տանը նստել 
                 -Շատերը վերադարձան  իրենց հայրենիք: Ձեզ ի՞նչը պահեց Հայաստանում: 
                -Առաջին հերթին մնացի ամուսնուս պատճառով: Ամուսնացել էի հայի հետ,  հետո աշխատանք ունեի, արդեն սովորել էի այստեղ: Ասում են` լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Բայց այստեղ էլ ինձ համար լավ է. ես այստեղ ինձ տանն եմ զգում:
                -Ինչպե՞ս հայտնվեցիք  աղբահանող կազմակերպությունում:
                - Անգործ էի մնացել, երկար ժամանակ աշխատանք էի փնտրում: Եկա այստեղ,  ինձ լավ ընդունեցին, ու  սկսեցի աշխատել: Այստեղ էլ սովորական մարդիկ են աշխատում: Հիվանդանոցում ինչ-որ մեկը սուդնո է տանում, չէ՞,  մեկ ուրիշը դիահերձարանում է աշխատում: Այս աշխատանքն էլ  պետք է ինչ-որ մեկն անի, չէ՞: Գիտեմ` շատերն են խուսափում այստեղ աշխատել, բայց ես չեմ ամաչում իմ աշխատանքի համար: Ճիշտ է` ժամանակին ղեկավար պաշտոն եմ զբաղեցրե Չեմ կարծում, որ իջել եմ կյանքի սանդուղքով.  ոչ մեկի առաջ չեմ խոնարհվում. << Мой хoзяин веник  и совок >>: 
                -Դժվար չէ՞ աշխատանքը:
                -Շատ դժվար է հատկապես անձևրային եղանակին, ձմռանը: Երբեմն կարողանում եմ տեղաշարժել աղբարկղը, երբեմն` ոչ: Ինչպե՞ս ասեմ  Я же не говорю ящику ` ցավդ տանեմ: Մոտենում եմ, դատարկում աղբարկղը, մաքրում շուրջն ու շրջվում-գնում: Ես իմ գործը մաքուր եմ անում.  այսքան ժամանակ ինձ ոչ ոք  նկատողություն չի արել:
                - Լսել եմ`այստեղ եք ծանոթացել  ձեր ամուսնու հետ:
                -Այո, նա աղբատար մեքենայի վարորդ է, հայ է: Միասին էլ շրջում ենք մեքենայով:
                 -Ի՞նչն է դուր գալիս Հայաստանում և հայ տղամարդու մեջ:
                - Ուկրաինայում մարդիկ մի քիչ ավելի կոպիտ են:  Армяни немного мягкие, но в то же время если на русского можешь наезжать, то на армянина никогда. ասածն ասածն է: Տանը ես գիտեմ իմ տեղը, թեև, ինչպես բոլորը, ես էլ երբեմն բռնկվում եմ:
                -Շատ  կանայք այն կարծիքին են, որ ամուսինը պետք է պահի տունը:
                -Երեկ ամուսինս էլ ասաց. <<Տանյա, հիմա ցուրտ է , դիմում գրի, տանը նստի: Իմ աշխատածը մեզ կհերիքի>>: Իսկ ես ասացի.<< Քանի դեռ ոտքերը քայլում են, պետք է  աշխատել>>: Ես արդեն սովորել եմ առավոտյան 5-ին արթնանալ:  Եթե 31 օր երկու հերթափոխով աշխատեմ, 100.000 դրամ կստանամ: Իսկ դա ավելին է, քան ամուսինս է ստանում: 
                -Իսկ կանացիության համար ժամանակ մնո՞ւմ է:
                - Երբեմն պատահում է, որ ժամանակն իսկապես չի հերիքում: Երեկոյան աշխատանքից հետո ինչպես բոլոր կանայք` լվացք, մաքրություն, ճաշՄինչև ուշ գիշեր բոլոր գործերն ավարտում եմ, նոր քնում: Իմ տանը միշտ և նախաճաշ կա, և ընթրիք: Ամեն օր մաքուր հագուստով ենք աշխատանքի դուրս գալիս: Առավոտյան  5-ից ենք աշխատում, բայց հասցնում եմ և հարդարվել, և կոսմետիկա օգտագործել: Տանը կանացի հագուստ էլ ունեմ, որը միայն առիթներին եմ կարողանում հագնել: Վերջին անգամ ընտրությունների ժամանակ եմ կիսաշրջազգեստ հագել:
                 -Ինչի՞ համար եք ափսոսում:
                -Ամեն մարդ էլ սխալներ է ունենում: Երիտասարդ տարիների սխալիս պատճառով ես զրկվեցի երեխա ունենալու հնարավորությունից, բայց ի՞նչ արած: Ես ընդունում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին կա: 
                -Ի՞նչ տեղ ունեն երազանքները  Ձեր կյանքում:
                -Երազում եմ, որ այսքան տարի տնակում ապրելուց հետո ես ու հարևաններս բնակարան ստանանք, որ իմ տունն ունենամ, ինձ տան կին զգամ Տնակների փայտն արդեն փտել է: Քանի օր է տնակիս դուռը չի փակվում: Չեք հավատա, բայց քանի օր է երազում եմ ինչ-որ մեկից ռանդա ճարել, դուռս ռանդել, որ փակվի: Իսկ ընդհանրապես իմ երազածի տասնապատիկը թող Աստված նախ ուրիշներին  տա, հետո` ինձ:

                                                                                                                                             Գայանե Սարգսյան