воскресенье, 23 декабря 2012 г.

Գեղանկարիչ Կապոյի մասին պատմում են ընկերները

 Նա ստեղծեց  բոլորից առանձնացող իր կապոյական աշխարհը
Ապրիլի 18-ին Վանաձորը կորցրեց տաղանդավոր գեղանկարիչ Կարեն Դավթյանին, ով արվեստագետների շրջանում հայտնի էր Կապո անվամբ: Եվ այսօր նրա մասին հիշում ու պատմում են նրանք, ում բախտ է վիճակվել երբևէ շփվել Կապոյի հետ, լինել նրա ընկերն ու բարեկամը:
Կառլեն Քոչինյան, գեղանկարիչ- Կապոն շատ շնորհաշատ նկարիչ էր, բարձր ճաշակ ուներ, ամենակարևորը, որ ստանդարտ, ծեծված ճանապարհով չէր գնում. ստեղծել էր իր ոճը, իր երկնագիրը, և աշխարհի որ անկյունում էլ նրա նկարը տեսնեին, կասեին` սա Կապոյի նկարներն են:  Այդքան շնորհալի լիելով հանդերձ` շատ համեստ էր… Անընդհատ ձգտում էր նոր ուղիների, կանգ չէր առնում…  Եվ այս ամենով հանդերձ նա իմ համար մնում է  մեր քաղաքի շնորհալի այրերից մեկը, որ երբևէ տվել է Լոռվա աշխարհը: Ցավը ծանր է, կորուստը` շատ մեծ…  
  Անդրանիկ Ղարաբեկյան, գեղանկարիչ- Կապոն մանկության ընկերս էր. շուրջ 43 տարի է, ճանաչում եմ: Մեծ գեղանկարիչ էր ու մեծ մարդ:
Աշոտ Հախոյան, գեղանկարիչ- Մաքուր էր ու ազնիվ: Չէր հանդուրժում անարդարությունը, խաբեբայությունը, սրիկայությունը: Մարդկային լավագույն հատկանիշներով ու իր վերուստ տրված տաղանդով էր օժտված: Յուրահատուկ      արվեստ ուներ: Իր ձևի մեջ էր, չէր կրկնում որևէ մեկին: Նրա ամենասիրելի նկարիչը Կառլոս Աբովյանն էր, որից ինչ-որ բան վերցնելով, նա իր ճանապաարհը հարթեց և ստեղծեց իր բոլորից առանձնացող կապոյական աշխարհը: 
Սամվել Քարամյան, մանկության ընկեր- Մեծ մարդ կորցրինք: Կապոն մարդկային էր. և լավ ընկեր էր, և լավ ընտանիքի հայր:  Իմ հայրն էլ է նկարիչ եղել` Կիմ Գրիգորիչը: Կապոն փոքր է եղել, երբ պապը ձեռքից բռնած բերել է մեր տուն ու հորս ասել. ուզում եմ նկարիչ դառնա: Հայրս նայել է ու ասել. կդառնա, մեծ նկաիչ կդառնա: Ու դարձավ… Նրա նկարչության մասին աշխարհը դեռ կխոսի: 
Ռուբեն Սուվարի, գեղանկարիչ - Կապոն ասում էր` Աստված նկարչին ստեղծել է նրա համար, որ մարդիկ չմոռանան արարումի մասին: Կապոն ինձ շատ բան է տվել, անընդհատ ոգևորում էր… Նա առաջին հերթին շատ մեծ Մարդ էր. մարդկային մեծ պոտենցիալ ուներ իր մեջ: Կյանքով լեցուն էր  և որպես մարդ, և որպես գեղանկարիչ…
Վաչագան Մադոյան, գեղանկարիչ- Այնքան վաղուց եմ ճանաչում նրան, որ չեմ էլ հիշում: Տարիների ընթացքում, երբ նկարչությունը սկսեց ավելի լուրջ տեղ   զբաղեցնել մեր կյանքում, արդեն նկարիչ ընկերներ էինք: Աստվածատուր շնորհք ուներ: Ընկերասեր էր… Այս համատարած հակասությունների մեջ նա մնացել էր մաքուր ու պարզ, ինչը ոչ բոլորին է հատուկ: Ինքն իր ուզածին հասել էր նկարչության մեջ ու դրանով երջանիկ էր: Երազում էր, որ այսօր ավելի լավ նկարի, քան երեկ… Շատ էր սիրում նկարչությունը, շնչում էր դրանով… Նա ուղղակի չէր կարող չնկարել: Հազվադեպ օրեր էին լինում, որ ասում էր, այսօր չեմ նկարել: Եվ այսօր նրա ֆիզիկական բացակայությունն ամենևին չի նշանակում, որ նկարիչ Կապոն չկա…


Комментариев нет:

Отправить комментарий