понедельник, 31 октября 2016 г.

Վանաձորի քաղաքապետի միակ կին թեկնածուն՝ կանացի մրցապայքարի առաձնահատկությունների մասին


<<Քաղաքականությունը գուցե և իմ խառնվածքով կնոջ գործը չէ, բայց այս քաղաքի բարեկեցությունը ի՛մ գործն է>>

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացվեցին համայնքի ավագանու ընտրություններ, որին մասնակցող թվով 8 քաղաքական ուժերից 7-ն իրենց թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում կամ որ նույնն է որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրել էին տղամարդկանց:
Քաղաքապետի միակ կին թեկնածուին՝ Լոռու մարզի գլխավոր սոնոգրաֆիստ Այժեմնիկ Օհանյանի թեկնածությւնն առաջադրել էր <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը:

Ընտրությունների թոհուբոհից հետո Այծեմնիկ Օհանյանը կիսվում է կանացի մրցապայքարի առաձնահատկություններով:

-Առաջադրվելու միտքն ի սկզբանե իմը չի եղել: Դա եղել է կուսակցության առաջարկը: Մինչև վերջ էլ ես համաձայն չէի, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնվեցի: Ըստ երևույթին սխալ էր համաձայնվելը, որովհետև ես պատրաստ չէի ընկերներ կորցնել… Դա այս ընտրությունների ամենադաժան հետևանքն էր: Մոտավորապես պատկերացնում էի, թե ինչպես են անցնելու ընտրությունները:
Ինձ համար ամենակարևորն արժանապատիվ դուրս գալն էր, փորձել իմիջը չկորցնել, չկեղտոտվել: Չգիտեմ՝ հաջողվե՞ց, թե՝ ոչ…
Կնոջ համար 7 տղամարդ թեկնածուների հետ մրցակցելը շատ ծանր էր: Մակերեսային դիտարկումներով բոլորը շատ կոռեկտ էին իրենց պահում, բայց հավատացնում եմ ձեզ, որ շատ ուժեղ է աշխատել պետական ապարատը, իմ շատ ընկերների ու գործընկերների վրա ազդել են, ճնշումներ էլ են եղել: Հիմա ես չեմ ուզում մանրամասնել, որովհետև ես շարունակելու եմ աշխատել նույն կոլեկտիվում, այդ նույն մարդկանց հետ: Ում ընտրել, ում՝ ոչ, իրենք պետք է որոշեին: Դա իմ խնդիրը չէր, բայց և վարչական, պետական ապարատի խնդիրն էլ  չէր:
Նախընտրական շրջանում ամեն ինչ շատ կանխատեսելի էր: Միակ անսպասելի հարվածը, որ ես ստացա, դա հորս՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի,  Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Օհանյանի այլ շրջանում արված կադրերի ներառում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանի նախընտրական տեսահոլովակում:  Իմ ցավոտ կողմն էր դա: Ինձ թվում էր, որ եթե երեխաներս այստեղ չեն, ես ապահովագրված եմ այդ առումով: Ես ամեն ինչի պատրաստ էի իմ նկատմամբ, իմ անձի նկատմամբ, բայց որ հորս նկատմամբ այդ ձևի տհաճ բաներ կարող են անել, ես չէի սպասում: Ես այնքան եմ խնայել իրեն, որ այս գործընթացների մեջ չընկնի, իրեն վատ չզգա, բայց իմ ամենախոցելի տեղն, ըստ երևույթին, գտան…
Ես սիրում եմ, որ ամեն ինչ ազնիվ է լինում: Այս ընտրություններից հետո ես հասկացա, որ քաղաքականության մեջ ազնիվ ոչինչ չի լինում, որ ընտրությունների ժամանակ գրանցվող խախտումները մշտական են ու անփոփոխ: Մի տեղ ձայներն են սխալ հաշվում, մի տեղ վարչական ապարատն է  շատ լավ աշխատում, մի այլ տեղ անձնական խնդիրներ են վեր հանում, որն էլի ազդում է ընտրությունների ընթացքի վրա: Գուցե ձայներ հաշվելիս այս անգամ ամեն ինչ ճիշտ է եղել, բայց մինչ այդ բոլոր տիպի ազդեցությունները կիրառվել են:
Հայրս սկզբնական շրջանում դեմ էր իմ առաջադրմանը:Նա  շատ խելացի մարդ է, գիտեր, որ ես ծանր կտանեմ այս ամենը: Հետո, երբ վերջնական որոշում կայացրի, ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, ես քո կողքին եմ: Իհարկե, ես այնքան եմ իրեն հարգում, որ երբեք թույլ չէի տա, որ որևէ նախընտրական տեսահոլովակում կամ հանդիպումների ժամանակ իմ կողքին լինի: Դա ես սխալ եմ համարում:Բայց բարոյապես նա միշտ իմ կողքին էր:
 Ընտրությունների ընթացքում ես կորցրեցի ընկերներ, բայց գտա շատ կարևոր մի բան. մարդկանց ճանաչելու մեծ փորձ:Դա, իրոք, շատ մեծ փորձառություն էր: Դու կարող ես ամբողջ կյանքում մարդկանց լավություն անել, բայց մարդուն նախընտրական շրջանում քեզնից նյութական ինչ-որ բան է պետք…
Գուցե ծանր բան եմ ասում, բայց մեր քաղաքում շատ -շատ մարդիկ մնացել են առանց ապագայի. երեխաներն այստեղ չեն, միայնակ են, աշխատանք չունեն, այս քաղաքի ապագան իրենց այլևս հետարքրքիր չէ, իրենցով ամեն ինչ վերջանում է, իրենք ունեն  լոկալ ֆինանսական խնդիր, որը նույնիսկ 10.000 դրամը ինչ-որ չափով լուծում է:
 Ես Վանաձորի ավագանու անդամ եմ եղել 2005-2008թթ.-երին:Եթե անկեղծ,  ես այն ժամանակ նախընտրական քարոզարշավ չեմ տարել: Սա իմ առաջին, էական նախընտրական քարզարշավն էր, որի  ընթացքում ես շատ լավ աշխատել եմ: Այն ժամանակ այդքան տարիների փորձն իրենն արեց, մարդիկ ընտրեցին,: Երբ հաջորդ ընտրություններին՝ 2008թ.-ին  երկրորդ անգամ առաջադրվեցի, դա արդեն չաշխատեց, որովհետև շատերը հասկացան, որ կարելի է հակագովազդ անել: Երկրորդ անգամ չընտրեցի: Ութ տարի անց որոշեցի առաջադրվել այս ընտրություններին, որը բավականին դառը փորձ էր:
Ասում են՝ քաղաքանությունը կնոջ գործ չէ: Քաղաքականությունը գուցե և իմ խառնվածքով կնոջ գործը չէ, բայց այս քաղաքի բարեկեցությունը ի՛մ գործն է, որովհետև ես ուզում եմ, որ այս քաղաքը լավը լինի, որովհետև ես այս քաղաքից որևէ այլ տեղ չեմ գնալու, որովհետև թոռնիկս մի քանի օր առաջ հայտարարեց, որ դրսում համալսարանն ավարտելուց հետո  միևնույնն է, վերադառանալու է Վանաձոր: Ես  ապագա եմ տեսնում այս քաղաքում:
Քաղաքապետի ընտրության հարցում երեք կուսակցություններ՝ <<Լուսավոր Հայաստանը>>, <<Բարգավաճ Հայաստանն>> ու <<Հայկական վերածնունդը>> հուշագիր ստորագրեցին, որոշելով սատարել քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Երբ ես գնացի քաղաքապետի ընտրություններին, ինձ թվում էր՝  ամեն ինչ կանխորոշված է, ամեն ինչ ճիշտ է: Բայց երբ այնտեղի թատերականացված ներկայացումը տեսա, ես շատ-շատ հիասթափված դուրս եկա: Կանխատեսելի էր, որ ամեն ինչ կփորձեն անել, բայց չէի պատկերացնում, որ այդպես ակնհայտորեն կարվեր ամեն ինչ: Կարելի էր չստորագրել, չմիանալ այդ հուշագրին, բայց շոու սարքել այդ ամեն ինչից, պետք չէր: Ես դուրս եկա դահլիճից ու հասկացա,  որ մի լավ ներկայացման ականատես էի, մի շատ լավ ներկայացման…
Այս գումարման ավագանու կազմում մենք առաջին անգամ այսչափ մեծ թվով կանայք ունենք: Կանայք ավելի անկախ են, խամաճիկ չեն սիրում լինել, ունեն իրենց կարծիքն ու  ախպերական, ընկերական խաղերը դժվար կլինի այսուհետ անցկացնել…
                                                                                              Գայանե Սարգսյան