суббота, 13 апреля 2013 г.


 Գրականագետ Մելս Սանթոյանը դարձավ 75 տարեկան

 <<Էդ թվերը թարս լինեին, էլի,- կատակում է հոբելյարը,-  57 լինեի` ավելի շատ գրքեր կգրեի>>: Ինչպես ինքն է նշում, գրականության ու հատկպես Չարենցի նկատմամբ սերը աշակերտական տարիներից է. <<Չարենցի արգելված բանաստեղծություները դեռ այդ տարիքից մի քիչ գիտեի: Մի ուսուցիչ ունեինք, որը մտերիմ էր եղել Չարենցի հետ: Նա մեզ բացատրում էր, որ  <<Ես իմ անուշ Հայաստանին>> թարգմանելու ժամանակ Չարենցն ասել է, որ թարգմանվի <<Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրել, ոչ թեª բարը>>: Այդտեղից էլ սկսվեց իմ պաշտամունքը Չարենցի նկատմամբ: Եվ թեկնածուական  ատենախոսությունս  էլ <<Չարենցի գեղագիտական հայացքները>> թեմայով էր: Հետագայում դա գիրք դարձավ… >>:

Չարենցի մասին խոսելիս գրականագետը հուզվում է ու փորձում արդարանալ. <<Որոշ հիվանդություններից հետո շատ եմ հուզական դարձել, առանց էն էլ հուզական էի: Ինձ Շիրազը հաճախ ասում էր` աչքերդ անընդհատ լցնում ես>>:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումը 3 որդիներից ու 4 թոռներից հետո համարում է իր գրքերը. <<Հատկապես <<Գրականագիատական բառարանը>> շատ մեծ ձեռքբերում եմ համարում: Շուտով լույս կտեսնի Գուսան Զաքարյանին նվիրված գիրքս` նրա ստեղծագործությունների նոտագրված տարբերակով…>>:

Սիրելի բուհի ու իր կողքին աշխատող արդեն նախկին ուսանողների  մասին խոսելիս հպարտությամբ է լցվում. <<Ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ: Սա իմ երկրորդ տունն է, իմ հրաշք ինստիտուտը… >>:

  Ափսոսում է, որ կյանքում շատ ժամանակ է կորցրել, բայց և գիտիª հանուն ինչի: <<Մինուճար եմ, քույր-եղբայր չունեմ, հորս չեմ հիշում, զոհվել է Կերչում: Լենինյան թոշակառու եմ եղել. լավ էի սովորում: Ինձ ասում էին` տիեզերական լոքերով ես գնում առաջ: Ասպիրանտուրայի առաջին կուրսում էի, երբ մայրս հիվանդացավ: Թողեցի ամեն ինչ ու եկա էս Կիրովական կոչվածը: Եկա մորս պահելու: Իմ դասախոսներից մեկը ասում էր. <<Փիլիսոփայի նման նայիր աշխարհին, ինչ ես ապագադ խորտակում: Էդ հիվանդությունը չի բուժվում>>: Բայց ես եկա ու չեմ փոշմանել, որովհետև խիղճս հանգիստ է… >>:

 Երազանքների մասին խոսելիս կատակում է. <<Որտեղ սիրուն կնիկ եմ տեսնում, նորանում են դարդերս: Սերեր ունեցել եմ, իհարկե, բայց ինձ թվում է` քիչ եմ սիրել: Ամենամեծ երազանքս լավ գիրք գրելն է հիմա>>:

Ու նորից հիշում է կիսատ ու գրվելիք գրքերի մասին: <<Գիրքս ուշացավ, <<Գուսան Զաքարյանը>> տպարանում է, լույս տեսնելը էսօր-էգուց է ընկել… Եթե կարողացա <<Պոեզիայի պոետիկան>> էլ դնել սեղանին, դա կլինի իմ կյանքի ամենամեծ գործերից մեկը:  Տեսնեմ`
կհասցնե±մ…>>:

Комментариев нет:

Отправить комментарий